Wednesday, April 8, 2015

Դանիել Վարուժան. “Երնում”. Բառարան

image
Իրիկվան մեջ հովերն հևուն
Երբ դուրս կելլեն քարայրներեն՝
Մեկ ծայրեն մյուսը կալերուն
Ա՛լ կամնված հունձքը կերնեն՝
Հըծծելով երգն Աշխատության.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Հարս ու աղջիկ պարմանիներ,
(Ժպտուն վարդեր մասուրի քով)
Իրենց ձեռքին հոսելիներ՝
Կճեղքեն թեզն, հույսերու բով.
Ու կպոռթկա երգն հաղթական.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:

Ժիր շարքերուն մեջ ի՜նչ խուճապ
Ելլող իջնող բազուկներու…
Հեղեղներ են, որ հապշտապ
Վեր կնետվին՝ սաթ տեղալու.
Ու կեռա երգն ալետատան.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Հովեր կանցնին խարտիշահեր,
Թողլով, որ վա՛րը երկարին
Հարդգողի լույս ճանապարհներ,
Ուր սարյակներ կթափառին՝
Սուլելով երգը ցնծության.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Ուսերե վեր ի՜նչ փոթորիկ,
Ի՜նչ փաղփումներ մազերու մեջ…
Ցորենին հետ, հատիկ հատիկ,
Կթափի ցողն իրիկվան գեջ:
Ու կըղձա երգն երանության.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Ու երբ ոսկվով ծեփվին կալեր,
Հարսներն ոսկի քողեր առնեն,
Եվ ցորյանի ձուլվին սարեր,
Զոր գա լուսնակն օրհնել վերեն՝
Պիտի նվաղեի երգն աղվական.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Բառարան.
Հևուն-հևացող(հևալ- խորը շունչ քաշել)
կալերուն-ցորենը կամնելու տեղ
կամնել-ցորենը ծեծել, կալսել
Հըծծել- անձայն խոսել, շշնջալ
պարմանիներ- պատանիներ
հոսելիներ-եղաններ
ալետատան- ալիքներից տատանվող, ալիքների նման տատանվող
սարյակներ-
ճնճղազգիների կարգին պատկանող երգեցիկ  թռչուններ(ռուս. Скворец)


փաղփում-շող
գեջ-1. թաց 2.կանաչ, թերհաս( հիմնականում բույսերի մասին)
աղվական-1.դուրեկան, 2.նուրբ
ցորյան-ցորեն։

No comments:

Post a Comment